Տեսախցիկը արձանագրել է Երևանում ճիվաղի կողմից 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը


Տեսախցիկը արձանագրել է Երևանում ճիվաղի կողմից 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը
Սեպտեմբեր 3 16:32 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Երևանում օգոստոսի 28-ին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարն է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի ենթարկվածների հարազատները ասում էին. «Հավատում ենք, որ ճիվաղը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի: Նրա արարքը մեկ բառով կարելի է բնութագրել՝ անմարդկային: Ոչ մեկս ապահովագրված չենք ավտովթար-վրաերթերից, սակայն տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, ու նրանց թողնելով անօգնական, գող կատվի պես ճողոպրում դեպքի վայրից: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նա քրեական պատասխանատվության ենթարկվի, ինչը դաս կլինի սպրիչով ուղեղները հանած նմանատիպ վայ վարոդների համար»:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը ու ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմում փախուստի: