Սուրեն Պապիկյանը Լոռիում ծանոթացել է մարզի զբոսաշրջային հնարավորություններին


Սուրեն Պապիկյանը Լոռիում ծանոթացել է մարզի զբոսաշրջային հնարավորություններին
Օգոստոս 31 19:43 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում է` շահագրգիռ պաշտոնյաների հետ  մարզի զբոսաշրջային ներուժը քննարկելու,  համայնքային խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տարածքային կառավարման և զարգացմաննախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Ստեփանավան քաղաքում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանի հետ նախարար Պապիկյանը  քննարկել է Ստեփանավան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները` հաշվի  առնելով տարածքի` պատմական հուշարձաններով հարուստ լինելու հանգամանքը: Նախարարը նշել է, որ այս ներուժի արդյունավետ օգտագործումը համայնքի համար տնտեսական զարգացման հեռանկարներ կստեղծի:

Այնուհետև նախարար Պապիկյանը  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ  եղել է

Հնեվանք  եկեղեցում, ապա այցելել Լոռի Բերդ դամբարանադաշտ և ամրոց, քննարկել պատմական հուշարձանները  զբոսաշրջային ակտիվ երթուղիների մեջ ներառելու հնարավորությունը:

Նախարար  Պապիկյանը նշել է, որ  պատմամշակութային այս  հուշարձանախումբը  զբոսաշրջային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի  և այս ուղղությամբ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում այն զբոսաշրջության համար գրավիչ կարող է դառնալ: 

ՀՀ ՏԿԶ և ՀՀ մշակույթի նախարարների հաջորդ այցը Արդվի համայնքն էր`  Հովհաննես III  Օձնեցու դամբարան, որտեղ Օձուն համայնքի ղեկավարի հետ  քննարկվել է    դամբարան տանող ճանապարհի բարեկարգման հնարավորությունները: Այնուհետև նախարարները եղել են  Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Օձունի վանահայրը ներկայացրել է եկեղեցու պատմամշակութային նշանակությունը, քննարկվել են   Օձունի զբոսաշրջային հնարավորություները:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է այցը  մարզի համայնքներում: