Քաղաքացին եկել է Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու նպատակով


Քաղաքացին եկել է Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու նպատակով
Օգոստոս 31 15:07 2018

Քաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրը ստացել է 12 տարեկան հասակում։

Հանդիպումը շատ հուզիչ էր, միեւնույն ժամանակ ոգեւորություն պարգեւող։

Նա եկել էր ստանալու ՀՀ քաղաքացիությունը հավաստող վավեր փաստաթուղթ՝ գիտակցելով, որ պետք է ներկայանա զինվորական հաշվառման, ծառայի ՀՀ զինված ուժերում, դրանից հետո իրեն տրվի ՀՀ անձնագիր։

Նաեւ մեծ ոգեւորությամբ ընդունեց այն իրողությունը, երբ բացատրեցի իրեն, որ մինչ այդ կարող է ստանալ նույնականացման քարտ, որը համարվում է ՀՀ քաղաքացիությունը եւ ինքնությունը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ»,- գրել է նա: