«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել


«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Օգոստոս 30 10:37 2018

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական 
մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական 
մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա 
«Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով 
կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման 
իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա 
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 
կատարվել է ուսումնասիրություն, ինչի նպատակով տեսչական մարմնից պահանջվել 
և ստացվել են անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ 
համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի 
լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի 
ապօրինի օգտագործման փաստեր:

Մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից օգտակար հանածոյի 
արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմանների շեղումներով, ապօրինի, 
առանց ըդերքօգտագործման իրավունքի շուրջ 3 հեկտար մակերեսով տարածքից՝ 
0,5-10 մետր խորությամբ տարհանվել է բազալտանման լեռնային զանգված և 2  
հեկտար մակերեսով տարածքից՝ 0,5-8 մետր խորությամբ՝ կավանման լեռնային 
զանգված: Դրա հետևանքով, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված 
օգտակար հանածոներին պատճառվել է էական՝ ընդհանուր առմամբ շուրջ 18 միլիոն 
դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են 
հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի 
պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական 
օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և 
պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով 
կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա 
միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս 
պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:


Ծանուցում.   ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում 
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով: