Օգոստոսի 23-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության բարձրաստիճան ղեկավարության հանդիպումը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ քննարկվել են հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում՝ երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները եւ հեռանկարները:
ՀՀ եւ Արցախի պետեկամուտների գերատեսչությունների սերտ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի՝ աջակցություն երկու պետությունների պետեկամուտների վարչարարության ներդաշնակեցմանն ու դինամիկ զարգացմանը, պետական բյուջեների եկամուտների աճին եւ հայ գործարարների օրինավոր շահերի պաշտպանությանը: Արցախցի գործընկերներին ուղղված ողջույնի խոսքում ՊԵԿ ղեկավարը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը եւ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջեւ համագործակցության եւ փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Եռամյա գործակցության ծրագրով նախատեսվում է փորձի, գիտելիքների, տեղեկատվության փոխանակման, համատեղ աշխատանքների իրականացման ուղղություններով բազմաթիվ միջոցառումներ: Կողմերն ընդգծել են, որ առաջիկա տարիներին առավել արդյունավետությամբ են շարունակելու գործակցությունը: