Ֆրանսիացին կփորձի լողալով անցնել ամբողջ Խաղաղ օվկիանոսը (Տեսանյութ)


Ֆրանսիացին կփորձի լողալով անցնել ամբողջ Խաղաղ օվկիանոսը (Տեսանյութ)
Հունիս 6 22:10 2018

Ֆրանսիացի լողորդ Բենուա Լեկոմտն սկսել է լողահերթը Խաղաղ օվկիանոսով, որի շրջանակում նախատեսում է կտրել-անցնել Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը, հայտնում է  AFP-ն:

Մարզիկը լողալ սկսել է հունիսի 5-ին, Ճապոնիայի Տեսի քաղաքից: Նրա նպատակն է վերջնակետին հասնել Սան Ֆրանցիսկոյում, որը գտնվում է ութ հազար կիլոմետր հեռավորության վրա:

Լեկոմտը օրական լողալու է 8 ժամ՝ անցնելով ամբողջ ճանապարհը 180 օրում: Եթե նրան հաջողվի իրականացնել մտադրությունը, ապա նա կդառնա պատմության մեջ առաջին մարդը, ով լողալով անցել է Խաղաղ օվկիանոսը:

Լողալու ընթացքում Լեկոմտին կուղեկցի մարզանավով խումբը: Իր ակցիայով ֆրանսիացին ցանկանում է ուշադրություն հրավիրել օվկիանոսների աղտոտման հիմնախնդրի վրա: