Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանում, սակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանը: Այսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։
Պարո՛ն Փաշինյան, Դուք երեք որդի ունեք՝ Արտակ, Արմեն և Նիկոլ, ինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող:
-Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել:
1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչներն եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց:










