Երգն ինձ համար իմ հուզական աշխարհը ներկայացնող արտահայտչամիջոցն է.Մարգարիտա Խլղաթյան


Երգն ինձ համար իմ հուզական աշխարհը ներկայացնող  արտահայտչամիջոցն է.Մարգարիտա Խլղաթյան
Մարտ 24 19:36 2018

Armday.am–ը զուցել է ԱՄՆ-ում բնակվող, բայց ծնունդով գյումրեցի երգչուհի-երգահան Մարգարիտա Խլղաթյանի հետ։

 

-Տիկին Մարգարիտա ի՞նչ է երգը Ձեզ համար։

 -Երգն ինձ համար իմ հուզական աշխարհը ներկայացնող և իմ ապրումների արտահայտչամիջոցն է։ Բազմազբաղ իմ առօրյայից հետո հանգիստ բերող, հոգեկան բավականություն պատճառող հիանալի միջոց է։ Ի դեպ, իմ երգերի ժողովածուն այդպես էլ կոչվում է ՝ <<ՀՈԳՈՒ ԿԱՆՉ>>։

 

 - Որքանով որ ես եմ տեղյակ, տիկին Մարգարիտա, երգերի մեծ մասի հեղինակը Դուք եք, հետաքրքիր է ինչպե՞ս են ծնվում այդ երգերը, ի՞նչն է Ձեզ ստիպում նրանց կյանքի կոչել։

 - Շատ առիթներ են եղել, տարբեր հարցազրույցներ, երբ ես պատասխանել եմ այս հարցին։ Այո՛, ունեմ երգեր, որոնց խոսքերի հեղինակն ես եմ։ Համեստությամբ ասեմ, որ ես ինձ երգչուհի չեմ համարում, բայց կարծում եմ, երբ հեղինակն է ներկաացնում իր ստեղծագործությունը ունկնդրին, այն ավելի լավ է հասցնում այն հույզը, հոգեվիճակը, որում ստեղծվել է երգը․․․Ինչպե՞ս են ծնվում իմ երգերը․․․ երգն իմ մեջ է, իմ սրտում։ Նախապես չգիտեմ՝ երբ այն կծնվի։ Եղել է այնպես, որ օրվա իմ անելիքներից հոգնած՝ վերադարձել եմ տուն ու միանգամից մոտեցել դաշնամուրին, ու ծնվել է երգը, որն օրեր շարունակ հնչել է իմ մեջ, հանգիստ չի տվել, ելևէջել է, ու վերջապես հասել իր արարման ժամին։ Այդպիսի հոգեվիճակի ծնունդ է իմ՝ << ՈՒՇԱՑԱԾ ԵՐԳԸ>> ստեղծագործությունը, որը շատ ջերմ արձագանքներ է ստացել հանդիսատեսի կողմից։

 

 - Ի՞նչ նոր ասելիք ունեք Ձեր հանդիսատեսին, սպասվում է արդյո՞ք նոր տեսահոլովակ։

 - Իմ ծրագրերի մասին նախապես խոսել չեմ սիրում։ Հայտնի միտք կա․ << Մարդը ծրագրում է, Աստված տնօրինում>>։ Ցանկություններս շատ են, անելիքներս՝ ևս։ Հուսամ, կկարողանամ իրականացնել, այն ինչ երազում եմ։ Իսկ հանդիսատեսին կարող եմ ասել՝ շարունակե՛ք սիրել մեր երգը, մեր մաքրամաքուր արվեստը։ Ո՞ւր էլ լինեք, ի՞նչ միջավայրում էլ ապրեք, չմռանաք, որ հային հայ է պահել ու պահում մեր արվեստն ու մշակույթը։

 

 - Հնարավոր է՞, որ մի օր մենահամերգ ունենաք հենց Ձեր ծննդավայրում՝ Գյումրիում։

 - Հնարավոր է․․․ դա նաև իմ մեծագույն ցամկությունն է։ Լինել իմ հայրենի քաղաքում, ելույթ ունենալ իմ արվեստասեր ու խստապահանջ գյումրեցիների առջև, արժանանալ նրանց ծափողջյուններին։ Քանզի ամեն լուրջ արվեստագետ, եթե իրեն կայացած է ուզում զգալ, ապա անպայման կարևորում է գյումրեցու ընդունելությունը։ Դա հայտնի փաստ է, դա իմ խոսքերը չեն։

 

 - Նահանգներում ապրելով չեք կարոտում արդյո՞ք հայրենիքը և ի՞նչը կստիպի Ձեզ 

 նորից տուն վերադառնալ։

 - Իհարկե, կարոտում եմ, ինչպե՞ս կարող եմ չկարոտել, թանկ հիշողություններ են ինձ կապում ծննդավայրիս հետ, ապրում եմ Նահանգներում, բայց երբե՛ք չեմ մոռանում, որ Գյումրիում ինձ է սպասում իմ տունը, թե երբ կգնամ ու կբացեմ փակ դուռը, ու տունն իրեն տուն կզգա վերջապես... Շատերի պես իմ ընտանիքն էլ՝ չուզելով հեռացավ հայրենիքից: Իննսունական թվականներն էին, ծանր ժամանակաշրջան...Հուսախաբությունը ստիպեց հեռանալ: Իսկ թե ի՞նչը կստիպի վերադառնալ, դժվարանում եմ պատասխանել: Երևի միայն այն փաստը, որ մեր հայրենիքը տեսնենք այնպիսին, ինչպիսին այն կա մեր պատկերացումներում՝ օրենքի գերակայության, իրավունքի,

 արդարության երկիր, ուր հայը իրեն կարող է պաշտպանված զգալ՝ որպես իր երկրի տեր և օրինավոր՝ լիիրավ քաղաքացի:

 

- Կա՞ երազանք, որ դեռ իրական չէ Ձեզ համար և ո՞րն է այն։

 - Կա երազանք հանդես գալ համերգներով իմ հայրենի Գյումրիում, Երեւանում եւ Արցախում: Ամեն ինչ անելու եմ...

 

-Եթե չլիներ երկրաշարժը , ապա դուք․․․․

 -Գյումրեցին  չէր  կոտրվի, պանդուխտ  չէր  դառնա, իր  մտքի,հոգու, բազկի  ուժը  կներդներ  հայրենի  քաղաքի  շենացման  ու  զարգացման  գործին: Եթե  երկրաշարժը  չլիներ,հարազատներս  կլինեին  կողքիս, չէի  կորցնի  ծնողներիս,ու  հիմա, հեռավոր  ԱՄՆ-ում  ապրելով, չէի  կարոտի  նրանց  սուրբ  գերեզմանին...  Չգիտեմ, Աստված  երևի  այդպես  կամեցավ, վերցրեց  ինձնից  ամենաթանկը  ու  Աղետից  հետո  վերադարձրեց  Երգին, Մեղեդուն, որ նրա  միջոցով  արտահայտեմ  իմ  կարոտը, տխրությունը, սպասումը, հպարտությունը, հոգուս  մեջ  խնկարկվող  լռությունը... Որ  գրեմ  <<ՄԱՅՐԻԿ>> երգը  ու  խոնարհումով  նվիրեմ  Երկրաշարժին  զոհված  իմ  մորը, բոլոր  մայրերին...