Որքա՞ն կտուգանվեն օտարերկրացիները՝ առանց կացության կարգավիճակի Հայաստանում բնակվելու համար


Որքա՞ն կտուգանվեն օտարերկրացիները՝ առանց կացության կարգավիճակի Հայաստանում բնակվելու համար
Մարտ 9 14:45 2018

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, որոնք Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։ Նման պարզաբանում է հրապարակել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն եւ առավելագույն սահմանը եւ օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաեւ զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։

1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։

2.Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝

մինչեւ 30 օր 60.000 ՀՀ դրամ

31 օրից մինչեւ 60 օր 70.000 ՀՀ դրամ

61 օրից մինչեւ 90 օր 80.000 ՀՀ դրամ

91 օրից մինչեւ 120 օր 90.000 ՀՀ դրամ

121 օրից ավելի դեպքում 100.000 ՀՀ դրամ։

3.ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։

Նշենք, որ այս օրենսդրական կարգավորումը տարածվում է նաեւ բոլոր այն հայերի վրա, որոնք կորցրել են կամ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից:



loading...