Խոշոր հրդեհ Վանաձորում. բնակարանի գույքը վերածվել է մոխրակույտի


Խոշոր հրդեհ Վանաձորում. բնակարանի գույքը վերածվել է մոխրակույտի
Դեկտեմբեր 20 16:32 2017

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 41 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները նախ կանխել են թիվ 17 բնակարանում առաջացած հրդեհը, այնուհետև մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, բնակարանում էլ մարդ չի եղել։ Շենքի հարևանները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ բնակարանը գազաֆիկացված չէ, ինչի համար էլ բացառվում է գազի արտահոսքից առաջացած հրդեհը։

Սակայն ժամանած «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ հարևանները ստում են. բնակարանը գազաֆիկացված է։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները։ Թե ինչն է եղել կրակի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո և բնակարանը ում է պատկանում՝ դա պարզվում է տեղի ոստիկանների կողմից։