Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում Մեղրիի տարածաշրջանի Լիճքի պղնձի հանքավայրում «Բելազ» մակնիշի ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով քաղաքացի է մահացել, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Վաչիկ Սարգսյան էր, ով աշխատում էր նշված հանքավայրում։
Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային, թե դժբախտ պատահար է, պարզ կլինի նախաքննության ընթացքում և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի աշխատանքային կանոնների չպահպանման հոդվածով։
Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը, որպեսզի փրկարարները բեռնատարի՝ դարձի բերելուց հետո կարողանան տակից դուրս բերել դին։










