ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստանը երկաթուղիների հարցում կարող է կորցնել մրցակցային առավելությունը։
«Կա խնդիր՝ կապված Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հետ, խնդիրն այն է, որ հայկական երկաթուղիները «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման տակ են, Ռուսաստանի հետ փոխկապակցված ընկերություններն էլ սանկցիաների տակ են ու ստեղծվում է մի իրավիճակ, որ մենք կարող ենք կորցնել մեր մրցակցային առավելությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ռուբինյանի խոսքով՝ կա պահանջ՝ վերազինել հայկական երկաթուղիները, բայց ռուսական կողմը, կարծես թե այդքան էլ հակված չէ դա անել, մտածում են՝ եկամտաբեր չի լինելու։
«Լավ է, որ կա քննարկում, կա բարիդրացիական քննարկում, ես հուսով եմ՝ շուտով կհասնենք որևէ հանգուցալուծման»,- նշեց նա։
Ռուբինյանն այս հարցը չի համարում աշխարհաքաղաքական, հարցը տնտեսական է։
«Մենք պետք է հասնեք մի լուծման, որի արդյունքում պահպանենք մեր տնտեսական մրցակցային առավելությունները։ Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց մենք ունենք խնդիրներ մեր մեկուսացման դեմ, մենք չենք ուզում մնալ մեկուսացման մեջ, պետք է լուծումներ գտնել, որ չկորցնենք տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը»,- հավելեց ԱԺ նախագահը։










