Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ


Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Նոյեմբեր 13 15:14 2026

Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբր Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ զգացմունքներն էին, իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոսքը երկու անչափահաս ընկերուհիների մասին է, որոնք միմյանց հետ վիճաբանել են կենցաղային, ավելի ճիշտ՝ երեխայական հարցի, այլ ոչ միևնույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքների պատճառով։

Որևէ մեկը մյուսին դանակով չի հարվածել, կիրառված գործիքը եղել է կախազարդ, իսկ պատճառված վնասի աստիճանն էլ՝ ոչ էական։ Այո՛, նախաձեռնված է քրեական վարույթ, բայց երեխաները հաշտվել են միմյանց հետ և որևէ բողոք մեկը մյուսի նկատմամբ չունի։

Խնդրում եմ զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և անչափահասների մասնակցությամբ միջադեպերին անհարկի աղմկահարույց բնույթ հաղորդելուց։ Խոսքը երեխաների մասին է, որոնց իրավունքներն ու լավագույն շահերը պետք է գերակայեն դիտումներ ապահովելու ցանկության նկատմամբ»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։

Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք էր պատճառել ընկերուհուն։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել էր։

Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։