Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, գրում է Ermenihaber-ը։
Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։
Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։










