ՊԵԿ–ից, քննչական գործողությունների ժամանակ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստի


ՊԵԿ–ից, քննչական գործողությունների ժամանակ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստի
Նոյեմբեր 13 13:06 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքից, որտեղ գործում են պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, կալանավորված անձը դիմել է փախուստի։

 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննչական գործողության ժամանակ փախուստի է դիմել։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

 

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։