Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան (Տեսանյութ)


Վերջին ամիսներին տեսնում ենք ԵԱՏՄ գործընկերների պարտավորությունների խախտման օրինակներ․ Միրզոյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 27 20:37 2026

Հայաստանն իր պարտավորությունները բարեխղճորեն կատարել է և ակնկալում է, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները ևս կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։

«Մենք մեր պարտավորությունները բարեխղճորեն կատարել ենք, հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները մեր նկատմամբ իրենց կազմակերպության շրջանակներում և երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն և չեն խախտի։ Ցավոք, հակառակի օրինակներ ենք տեսնում վերջին ամիսներին»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի որոշումների և վարքագծի առանցքում, անկախ հանգամանքներից, լինելու են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։

«Մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Մենք կփորձենք կառուցողական ներգրավում և երկխոսություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալու ենք մեր պետականությունը»,- նշեց արտգործնախարարը։