Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»


Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 20 10:01 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին նշվում էր Հայ մամուլի օրը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ցավով արձանագրում է, որ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու տարիներին հայկական տպագիր մամուլը, այդ թվում՝ պետական թերթերը, փակվել են։ Բոլոր տիպի խնայողությունները սկսեցին արվել տպագիր մամուլի հաշվին։

 

Ժամանակին Հայաստանում պետական գրեթե յուրաքանչյուր կարևոր կառույց ուներ իր պարբերականը, որը պարբերաբար լույս էր տեսնում և լուսաբանում տվյալ ոլորտի աշխատանքը։ Այսօր այդ թերթերից շատերը չկան։

 

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում լույս էր տեսնում «Հայ զինվոր» թերթը, կրթության ոլորտում՝ «Կրթություն» թերթը, ՆԳՆ համակարգում՝ «02» («Ոստիկանություն») թերթը, արտակարգ իրավիճակների ոլորտում՝ «Արտակարգ» թերթը, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական պարբերականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր։

Այսօր այդ պարբերականների տպագիր հրատարակությունների ճակատագիրը տարբեր է․ մի մասը դադարեցրել է լույսընծայումը, մյուսները վերակազմակերպվել կամ փոխել են իրենց գործունեության ձևաչափը։ Օրինակ՝ «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարվել է 2025 թվականին, իսկ «Հայ զինվոր»-ը 2018 թվականին վերակազմակերպվել է «Զինուժ» մեդիայի կազմում։

 

Խնդիրը միայն պետական թերթերի ճակատագիրը չէ։ Տպագիր մամուլի շուկան ընդհանուր առմամբ նեղացել է, և այսօր թերթերի տպագրությունն ու տարածումը նախկինի համեմատ շատ ավելի սահմանափակ են։ «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերը և մի շարք այլ պարբերականներ շարունակում են տպագիր գործունեությունը, սակայն ոլորտի ընդհանուր վիճակը մտահոգիչ է։

 

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախկինում լրագրող է եղել և աշխատել է տպագիր մամուլում։ Սա ինքնին հարց է առաջացնում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում տպագիր մամուլի պահպանման, զարգացման և ընթերցողների համար հասանելիության ապահովման ուղղությամբ։

Իհարկե, թերթերի տպագրության նվազումը միայն մեկ գործոնով բացատրել հնարավոր չէ․ իր ազդեցությունն ունեն նաև թվայնացումը, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունը և տնտեսական դժվարությունները։ Բայց դա չի վերացնում պետության ու հասարակության առջև ծառացած հարցը՝ ինչպե՞ս պահպանել տպագիր մամուլը՝ որպես հանրային վերահսկողության, բազմակարծության և պատմական հիշողության կարևոր միջոց։

 

Հայ մամուլի օրը շնորհավորական խոսքերից բացի նաև հաշվետվության ու հարցադրումների օր է։

 

Ի՞նչ է արվում, որպեսզի ավանդական մամուլը չկորցնի իր տեղը հասարակական կյանքում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մամուլի օրը մի շնորհավորանք անգամ չի հնչեցրել։ ՔՊ մյուս պաշտոնյաները ևս»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։