Երբ հարսանիքի երաժշտությունը դառնում է պատիժ. Կարեն Գևորգյան


Երբ հարսանիքի երաժշտությունը դառնում է պատիժ. Կարեն Գևորգյան
Հոկտեմբեր 12 09:03 2026

«Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում։ Չեմ կարող անտարբեր մնալ, երբ հայկական հարսանիքներում երաժշտական անճաշակությունը մատուցվում է որպես արվեստ, իսկ օտար մշակութային ազդեցությունները՝ հայկական երաժշտության անվան տակ»,- գրել է  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,  «Բերդ» պարային անսամբլի գեղարվետսական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Կարեն Գևորգյանը՝ գրառումը վերնագրելով «Երբ հարսանիքի երաժշտությունը դառնում է պատիժ»։

Նա շարունակել է. «Խոսքը հատկապես այն երաժշտախմբերի մասին է, որոնք հարսանիքները վերածել են աղմուկի իսկական փորձության։ Հարց՝ ո՞ւմ համար է կազմակերպվում հարսանիքը՝ հյուրերի՞, թե՞ երաժիշտների ինքնահաստատման։ Երաժշտությունն այնքան բարձր է հնչում, որ հարսանիքի ողջ ընթացքում հյուրերը զրկված են միմյանց հետ բնականոն շփվելու հնարավորությունից։ Չես կարողանում զրուցել անգամ կողքիդ նստած մարդու հետ։ Ստիպված ես ժամերով դիմանալ աղմուկին՝ կարծես եկել ես ոչ թե ուրախանալու, այլ ձայնային փորձության ենթարկվելու

իսկական երժշտական պատիժ...

Հարսանիքը ընտանեկան տոն է, որտեղ երաժշտությունը պետք է ստեղծի ուրախություն, պահպանի չափի զգացումը և հարգի թե՛ ազգային մշակույթը, թե՛ ներկաների հանգիստը։

Անվերջ կրկնվող, գեղարվեստական արժեքից զուրկ կատարումներ, թուրքական, ադրբեջանական, արաբական և այլ երաժշտական ոճերի ցածրակարգ նմանակումներ, որոնք հաճախ մատուցվում են հայկական ազգային երաժշտության քողի տակ:

Ո՞վ և ի՞նչ իրավունքով է որոշել, որ օտար մեղեդիների ու ռիթմերի անկանոն խառնուրդը կարելի է ներկայացնել որպես հայկական երաժշտություն։ Որտե՞ղ է մասնագիտական արժանապատվությունը, ո՞ւր է ազգայինի նկատմամբ պատասխանատվությունը։ Եվ վերջապես, ո՞վ պետք է սահմանի այն սահմանը, որից այն կողմ ավարտվում է ստեղծագործական ազատությունն ու սկսվում մշակութային անպատասխանատվությունը։

Անհրաժեշտ է, որ արվեստագետները, երաժշտագետները, մշակութային գործիչներն ու մասնագիտական կառույցները բարձրաձայնեն այս խնդիրը և սկզբունքային գնահատական տան նման երևույթներին, երբ օտար մշակույթը կուրորեն ընդօրինակվում և հայկականի անվան տակ հրամցվում է հանրությանը»։