ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.
«Նոր ձևավորված Ազգային ժողովն իր աշխատանքը սկսեց երեք գործարքով։ Առաջին՝ խորհրդարանական ընդդիմությունը գործնականում ընդունեց ԲՀԿ-ի հինգ մանդատների վերաբաշխումը և իշխանության հետ վերցրեց իր բաժինը։ Դրանով փաստացի լեգիտիմացրեց ԲՀԿ-ի մանդատների յուրացումը։ Երկրորդ՝ ընդդիմությունը մասնակցեց ԱԺ-ի անդրանիկ նիստին, որը տեղի էր ունենում առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայության՝ չնայած դա օրենքի պահանջ է։
Հատկապես անհասկանալի է «Ուժեղ Հայաստանի» պահվածքը, որը քաղաքական դաշտ է մտել Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու նպատակով։ Երրորդ՝ Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկեց մոռանալ անցած տարիների լարվածությունն ու իշխանության հետ «քաղաքակիրթ» աշխատել։ Հետագայում իշխանությունն այս առաջարկը կօգտագործի՝ ցանկացած նոր բռնություն արդարացնելու համար՝ հայտարարելով, թե իրենք առաջարկել էին խաղաղ աշխատել, իսկ ընդդիմությունը հրաժարվել է այդ առաջարկից։
Մոտ ապագայում կարող ենք տեսնել նաև չորրորդ գործարքը։ Եթե ընդդիմությունը վերցնի իրեն վերապահված՝ հանձնաժողովների նախագահների և ԱԺ փոխնախագահի պաշտոնները, դա վերահսկողական լծակներ չի տա։ Առանց խորհրդարանական մեծամասնության այդ պաշտոններն ընդամենը ընդդիմությանը համակարգի մաս դարձնելու և ինստիտուցիոնալ ընդդիմությունը ոչնչացնելու միջոց են։ Նույն ճանապարհով գնալով՝ հնարավոր չէ այլ արդյունք ստանալ։ Մենք այս ամենը 2021-2026 թթ արդեն տեսել ենք և գիտենք դրա վերջը։ Իսկ վերջնարդյունքը կրկին Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Հետևաբար խորհրդարանից դուրս պետք է ձևավորվի նոր ընդդիմադիր հարթակ, որը գործարքների չի գնա և իրական այլընտրանք կլինի թե՛ իշխանությանը, թե՛ նրա սահմանած կանոններով գործող խորհրդարանական ընդդիմությանը։ Հակառակ դեպքում այս խորհրդարանը կդառնա 2031 թվականին Նիկոլ Փաշինյանի վերարտադրության երաշխավորը»։










