2025թ-ից ՖԱՀՖ-ը խոշոր կինոհարթակներում իրականացնում է Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և արդեն իսկ միջազգային մեծ հետաքրքրություն առաջացրած Հիսուս Քրիստոսի արձանի տեղեկատվական արշավը, որի հիմնական նպատակը միջազգային կինոխմբերին Հայաստանը՝ որպես նոր և գրավիչ տարածք ներկայացնելն է։
Ծրագրի շրջանակներում, 2026թ-ի մայիսին Կաննում ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, ՖԱՀՖ-ը մինչև տարեվերջ Հիսուս Քրիստոսի արձանի և Հայաստանի նկարահանման վայրերի շնորհանդեսներով ներկայանալու է մի շարք խոշոր ինդուստրիալ հարթակներում, որոնց թվում են Վենետիկի կինոփառատոնը, Վալյադոլիդի նկարահանման տարածքների շուկան, Տալլինի ինդուստրիալ հարթակը։
Այս օրերին մենք ստիպված ենք վերահաստատել մեր պայմանավորվածությունները, պատասխանելով հարթակների կազմակերպիչների մեզ հասցեագրվող՝ Հայաստանում իրավիճակի, Ֆեդերացիայի գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվող ապօրինությունների, Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության հնարավոր ընդհատման վերաբերյալ մտահոգ նամակներին։
ՖԱՀՖ-ը ահազանգում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ բռնաճնշումների շարունակությունը և Հիսուս Քրիստոսի արձանի աշխատանքների հնարավոր դադարը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի՝ որպես կինոարդյունաբերության համար գրավիչ երկրի, իմիջի վրա։ Մենք ստիպված ենք լինելու միջազգային գործընկերներին ներկայացնել մեր երկիրը քաղաքական ընդդիմախոսների հետ հաշվեհարդարի թատերաբեմի վերածելու ՀՀ իշխանությունների քայլերի մասին, ինչը վտանգում է մեր ծրագրերը և անուղղելի վնաս է հասցնում միջազգային կինոխմբերին Հայաստան բերելու մեր տևական ջանքերին։










