«Ես լսում էի այսօր Երևան ժամանած ԵՄ ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով կրկին խոսեց Հայաստանում աննախադեպ ժողովրդավարության մասին, ողջունեց ժողովրդավարական ընտրությունները, հայտարարեց, որ թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքները շարունակվում են։ Ես շատ կուզենայի, եթե Ուրսուլա ֆոն դեր Լայենը չշտապեր վերադառնալ Բրյուսել, բերել նրան Արմեն Աշոտյանի դատին և խնդրել, որ թարգմանիչը նրան ներկայացնի այս գործի ողջ աբսուրդը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ Քննչական կոմիտեն էր եզրակացրել, որ գույքը վաճառվել է շուկայականից ավելի էժան։
«Սա իմ տեսած ամենախայտառակ, աբսուրդային գործերից մեկն է, որը ոչ թե սպիտակ թելերով են կարել, այլ ընդհանրապես հնարավոր չի եղել սենց շուլալել։ Ակնհայտ է, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ակնհայտ է, որ այս ամենը կապված է Արմեն Աշոտյանի քաղաքական գործունեության հետ»,- հավելեց Զոհրաբյանը։
Քաղաքական գործիչը միաժամանակ նկատեց, որ ԵՄ պաշտոնյան չի խոսել Բաքվի բերդում գտնվող հայ ռազմագերիներից, ժողովրդավարական խնդիրներից և հենց Բաքվի քաղաքական կալանավորներից և քաղաքական բանտարկյալներից։
«Չի խոսել, որովհետև իրենց օրակարգը բացարձակապես այլ է։Իրենց օրակարգը այս իշխանությանն օգտագործելն է՝ Ռուսաստանի հետ իրենց գոտկատեղից ներքև մարտաբոյը շարունակելու համար»,- նշեց նա։
Այսուհանդերձ Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ դատարանից մեծ սպասելիքներ չունի։










