Հայաստանում առաջին անգամ միջին թոշակն ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը: Ես 2018 թվին, որ ընտրվել եմ վարչապետ, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ: Այդ 16,000 դրամը բավարար չի եղել, որ մարդը մեկ ամսվա մեջ հաց ու պանիր առնի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Հրազդանում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«2018-ին մենք եկել ենք ու նվազագույն թոշակը 16,000-ից սարքել ենք 32,000 դրամ, բայց նույնիսկ դա բավարար չի եղել, որ մարդը մեկ ամիս իր սնունդը ձեռք բերի։ Միայն 2022 թվականին է, որ մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն՝ ապահովել ենք, որ գոնե մեկ թոշակը մեկ թոշակառուի սննդին մեկ ամսվա ողջ ընթացքում հերիքի։
Այսօր առաջին անգամ է, որ մենք վստահ ենք՝ սոված թոշակառու չկա և այդ թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի, մի հատ թեյի բաժակ առնի։ Սա մեր երազանքի գագաթնակետը չէ, բայց, էլի եմ ասում, մենք պետք է հիշենք՝ ինչ կետից ենք սկսել: Մենք 16,000 նվազագույն թոշակից սկսել ենք, այսօր 46,000 է նվազագույն թոշակը, գումարած անկանխիկ առևտրի դեպքում ևս 10,000 հետվճարի հնարավորություն, այսինքն՝ 56,000 դրամ է թոշակը»,-նշել է նա:










