ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցին ընդառաջ Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների շարունակական ամրապնդումը և երկու երկրների միջև բարձր մակարդակի կայուն փոխգործակցությունը։ Միևնույն ժամանակ, Համագումարը խորապես մտահոգված է մնում Բաքվի կողմից Ադրբեջանում անօրինական կերպով բանտարկված բոլոր քրիստոնյա հայ պատանդներին ազատ արձակելու շարունակական մերժմամբ ու նրանց անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակելու կոչ է անում։
Ինչպես նախկինում հայտարարել էր նախագահ Դոնալդ Թրամփը. «120,000 քրիստոնյաներ սարսափելիորեն հալածվել և բռնի տեղահանվել էին Արցախում»։ Նախագահ Թրամփը նաև խոստացավ «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և Սպիտակ տանը «Խաղաղության և միջպետականհարաբերությունների հաստատման» վերաբերյալ հանդիպման ժամանակ հանձն առավ անմիջապես նախագահ Ալիևի հետ քննարկել պատանդ պահվող քրիստոնյա հայերի ազատ արձակման հարցը։ Համագումարը կոչ է անում Միացյալ Նահանգներին այս պարտավորությունները վերածել հստակ, չափելի գործողությունների։
Մինչ Միացյալ Նահանգները և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ-ի առաջխաղացման վրա, ինչպես նաև մի շարք հիմնական ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի (MOU) հետ մեկտեղ, Համագումարը վերահաստատում է Հայաստանի անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և արցախահայության շարունակական մարդասիրական կարիքների բավարարման կարևորությունը։ Սա ներառում է աջակցություն իրենց պապենական հայրենիք վերադառնալու իրավունքին՝ անվտանգության, ժողովրդավարական իրավունքների նշանակալի երաշխիքներով և հայկական մշակութային ժառանգության ու կրոնական վայրերի լիարժեք պաշտպանություն։
Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը՝ առաջ մղելու իրական անվտանգությունը, արդարությունը և այնպիսի ապագա, որում հայ ժողովուրդը կապրի ազատության և արժանապատվության պայմաններում՝ իր նախնիների հայրենիքում։










