Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է «հայկական Ֆեմիդա». Իվետա Տոնոյան


Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է «հայկական Ֆեմիդա». Իվետա Տոնոյան
Մայիս 25 15:32 2026

Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին պատասխանում է օլիմպիական հանդարտությամբ, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 «Գագիկ Ծառուկյանը հակընդդեմ առաջարկով է հանդես եկել և ասել, թե ինչի սպասել մինչև 2031 թվականը, եթե կարելի է հենց այս պահին վերցնել Կառավարական ամառանոցը և նվիրել պատերազմում վիրավորում ստացած մեր հերոսներին՝ վերականգնողական կենտրոն դարձնելու նպատակով: Տարիներ շարունակ ականատես ենք եղել Նիկոլ  Փաշինյանի՝ սատկացնելու, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու հայտարարություններին: Արձակուրդում գտնվող վարչապետը հստակ հանձնարարական է տալիս՝ պետականացնել «Արարատցամենտ»-ը: Երևէ մեկը հարց չի հնչեցնում՝ ինչպե՞ս է այս ամենը տեղի ունենում, պիկապի վրա թռչկոտելով Փաշինյանը հայտարարություն է անում, իսկ իրավապահ համակարգը ցանկացած գնով այն իրականություն է դարձնում: Իրենց կարած քրգործով Ծառուկյանն արդեն արդարացվել է, բայց ոչ ոք ներողություն չխնդրեց»,- հավելեց նա:

Ըստ Իվետա Տոնոյանի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակել է «հայկական Ֆեմիդա» և արդարադատություն է իրականացնում՝ անգամ անմեղության կանխավարկածը ոտնահարելով:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «մինչև 2031 թվականը Գագիկ Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա այնպես, ինչպես փեսայի՝  Կարապետ Գուլոյանի տունը արդեն պետության սեփականությունն է՝ 2,5 մլն դոլար արժողությամբ»: