Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ։ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Վերջին անգամ Վազգենի հետ խոսել եմ հոկտեմբերի 25-ին, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում երկուշաբթի օր էր»,- ասել է Սարգսյանը։
Նա պատմել է, որ կիրակի օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույց էր ունեցել, ով փոխանցել էր՝ «իրեն զանգահարել էր Արկադի Ղուկասյանը և ասել, որ անհրաժեշտություն կա Սերժ Սարգսյանը գնա Ղարաբաղ»։ Սարգսյանը դրական է պատասխանել՝ նշելով, որ երկուշաբթի խորհրդակցություն ունի, բացի այդ Վազգեն Սարգսյանը կվերադառնա Արարատից։
«Վազգենին երկուշաբթի տեսա ու ասացի, որ նման առաջարկություն կա։ Ասաց՝ ճիշտ ես անում, որ գնում ես, գնա և տղաներին այնտեղ բացատրի, որ իրենց վարքագծից, միասնությունից, գործողություններից է կախված ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլ նաև Հայաստանի, մեծ հաշվով՝ հայ ժողովրդի։ Նաև ասաց՝ վերադարձին Հորադիզով անցնի, տես՝ ինչ վիճակ է այնտեղ։ Տարբեր թեմաներով խոսեցինք, մեկ բաժակ վիսկի խմեցինք, բարի ճանապարհ մաղթեց։
Երեքշաբթի գնացի Ստեփանակերտ։ Ուղևորվեցի Հորադիզ։ Եթե չեմ սխալվում, ժամը 5-ի կողմերն էր, ինձ զանգեց իմ տեղակալը՝ Գորիկ Գուրգենիչը։ Ես այն ժամանակ ազգային անվտանգության նախարար էի։ Ասաց՝ կրակոցներ կան Ազգային ժողովում, այնուհետև հայտնեց, որ մարդկանց խումբ է մտել ու գնդակահարել Վազգենին, Կարեն Դեմիրճյանին և մյուսներին։ Ասացի՝ արագ ուղղաթիռ ուղարկի։
ԱԱԾ-ն ուղղաթիռ չուներ, պետք է ՊՆ-ից խնդրեր։ Անցավ տևական ժամանակ, չկար ուղղաթիռ։ Արդեն տեսնում էի, որ Հորադիզում այդ ժամերին ուղղաթիռ չէր կարող վայրէջք կատարել, հասա Գորիս, ապա Երևան։ Մնացածը չպատմեմ, որովհետև այս թեմայի հետ կապ չունի»,- պատմել է Սերժ Սարգսյանը։
Նա նաև ասել է. «Մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե ինչ-որ մի հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պետք է ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը՝ Վազգեն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար, և որոշակի դադարից հետո կասեի՝ Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»։
Սերժ Սարգսյանը վստահ է, եթե չլիներ Վազդեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր։
«Կարծում եմ, բոլոր դեպքերում, կգա նաև այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ, ուղղակի հիմա, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ես որոշեցի մի քիչ խոսել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։










