Գործող վարչապետը դեռ մանկուց վախկոտ է եղել, և երբ բանտում՝ մարդկանց մատնելու իր սովորությունների պատճառով, նա ենթարկվել է գիշերային ծեծի, ապա, ինչպես ինձ անձամբ պատմել է Զարուհի Փոստանջյանը, ամբողջ գիշեր վախից դողացել է և բռնել է փաստաբանի ձեռքը՝ աղաչելով, որ չհեռանա։ Այս մասին մայիսի 23-ին Արմավիրի մարզի վարչական կենտրոն Արմավիր քաղաքում բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը։
Քաղաքական գործիչը պատմել է մարզ կատարած այցից իր տպավորությունների մասին՝ նշելով, որ Երևանից մինչև Էջմիածին և Արմավիր ամբողջ ճանապարհը ողողված է Փաշինյանի կեղծ, արհեստական նախընտրական պաստառներով։ Վարդանյանն ընդգծել է, որ ժողովրդի հանդեպ սիրո մասին կարգախոսների հետևում թաքնված է ռեժիմի անկեղծ ատելությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, սակայն այսօր հասարակության աչքերը բացվել են, և բնակչության մոտ 70–80 տոկոսը ոչ միայն ատում, այլև զզվում է սրա թիմից՝ նրա բերած ողբերգությունների պատճառով։
Անցնելով պետական դավաճանության թեմային՝ դաշինքի անդամը քաղաքացիներին հիշեցրել է 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին, երբ Փաշինյանը ռուսական հեռուստատեսության հարցազրույցում բացահայտ կերպով բացել է ռազմական ծրագրերը՝ հայտարարելով Զանգելանում պատրաստվող հակահարվածի մասին։ Վարդանյանը նշել է, որ թշնամուն օպերատիվ տեղեկության նման արտահոսքը հանգեցրել է գործողության ձախողմանն ու հակառակորդի առաջխաղացմանը․ պետական դավաճանությունն էլ ոնց է լինում։ Երկու տարբերակ կա․ կա՛մ այս մարդը ուղղակի դավաճան է, թշնամուն ինֆորմացիա է տվել, կա՛մ ապուշ է, դատարանում կպարզվի, եթե դավաճան է, հո դավաճան չենք ընտրելու մեր գլխին, եթե ապուշ է, հո մենք ապուշ չենք, որ նորից ընտրենք այս երկրի ղեկավար։
Քաղաքական գործիչնուշադրություն է հրավիրել վարչապետի վերջին հիստերիայի և գոռոցների վրա, երբ վերջինս իր հանդիպումներից մեկի ժամանակ ընդամենը հեռվից տեսել է Զարուհի Փոստանջյանին՝ այդպիսի վարքագիծը բնութագրելով որպես բնածին վախկոտության դրսևորում։ Վարդանյանը հատուկ ընդգծել է, որ Փաշինյանը հայ ժողովրդի իրական դեմքը չէ, այլ ներկայացնում է ստախոսների, շանտաժիստների և դավաճանների ընդամենը մարգինալ հինգտոկոսանոց շերտը։ Դաշինքի անդամը խոստովանել է, որ 2021 թվականին հասարակությունը պատերազմից հետո գտնվել է խոր շոկային վիճակում և տրվել է խաբեությանը, բայց այժմ քաղաքացիներն ունեն հստակ և հասկանալի այլընտրանք։
Վարդանյանը կոչ է արել ընտրողներին հստակ համեմատություն անցկացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստեղծարար ներուժի և գործող կառավարության ղեկավարի կործանարար կերպարի միջև։ Քաղաքական գործիչը եզրափակել է, որ ազգային արժանապատվությունը, վստահությունը վերադարձնելու և ավերված հայրենիքը վերածնելու համար քաղաքացիները պետք է քվեարկեն առաջնորդի օգտին, որն ունի իրական փորձ, կապեր և կարողություններ։ Հայ ժողովրդի իմաստության հանդեպ խոր հավատ արտահայտելով՝ Վարդանյանը կոչ է արել արմավիրցիներին համախմբվել, ոտքի կանգնել և հունիսի 7-ին վերջնականապես վտարել այս իշխող խմբավորմանը՝ իրենց ձայները տալով «Հայաստան» դաշինքին՝ 17 համարին։










