«Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այս միջոցառումը ներկայացնի իր քարոզարշավի մի մաս։ Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերեր և մենք հավաքվել ենք նրա համար որ այն թույլ չտանք»,-Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի պատվիրակության տեղաշարժի ճանապարհին կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նշելով, որ նախկինում Ալիևը Նիկոլ Փաշինյանին հանձնարարական էր տալիս հեռախոսով Թելեգրամով կամ կապի այլ միջոցով՝ Մամիջանյանը նկատեց, որ այսօր արդեն գագաթնաժողովին ալիևը միացավ տեսակապով և նա «հաթաթա» էր տալիս այն գործիչներին, ովքեր խոսում են հայ գերիներ, արցախահայերի մասին, բարձրաձայնում մշակութային ժառանգության և հոգևոր կոթողների քանդման դեպքերի մասին։
«Կա՞ նման հայ, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով Երևանում հանձնարարականներ տա, ինչ-որ մեկին հաթաթա տա»,-հարցրեց Մամիջանյանը։
Պատգամավորը տարակուսեց, որ այլ երկրներից հայտարարություններ են անում Ստեփանակերտի մայր տաճարի քանդման հետ կապված, իսկ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն այն համարում է նորմալ և Ադրբեջանի ներքին գործ։
Նա նշեց, որ իշխանությունները եվրոպային փորձում են խաբել, թե Հայաստանի բնակչության մեծամասնությունն այդպես է մտածում, բայց այն այդպես չէ։
«Մեր բնակչության մեծամասնությունը հայրենասեր է, հայրենիքի պաշտպանության համար կանգնած է ու այն ապացուցելու է ցույցերից սկսած մինչև ընտրությունները»,- հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով որ այն կարվի ոչ միայն ընտրությւոններով, այլև օրենքով սահմանված այլ միջոցներով։










