Արցախում ծառայած անձինք քաղաքացիությունից զրկվելու դեպքում կարող են արտահանձնվել Ադրբեջանին. փաստաբանը նոր Սահմանադրության խնդրահարույց կողմի մասին է զգուշացնում


Արցախում ծառայած անձինք քաղաքացիությունից զրկվելու դեպքում կարող են արտահանձնվել Ադրբեջանին. փաստաբանը նոր Սահմանադրության խնդրահարույց կողմի մասին է զգուշացնում
Նոյեմբեր 25 14:56 2026

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց նոր Սահմանադրությամբ նախատեսվող ՀՀ քաղաքացիությունից զրկվելու դեպքերից։

Նա նշեց, որ քրեական վարույթների տրամաբանությունը հուշում է՝ բոլոր նմանատիպ գործերը լինելու են քաղաքական ակտիվ հայացքներ ունեցող և ընդդիմադիր միջավայրի նկատմամբ. «Սա լրացուցիչ շանտաժի գործիք է»։

«Այն անձը, ով ազգությամբ հայ է, ստացել է ՀՀ քաղաքացիություն, և, օրինակ, ունի այլ երկրի քաղաքացիություն, իրեն չես կարող վերցնել և քաղաքացիությունից զրկել. սրանով հաղթահարվելու է նաև այն մեխանիզմը, որ անձանց կարող են արտահանձնել, այդ թվում՝ Ադրբեջանին։

Ցանկացած անձ, ով զինվորական ծառայություն է անցել այսօրվա իրենց հայտարարած «Ադրբեջանի տարածքում», այսինքն՝ Արցախում, ըստ Ադրբեջանի՝ հանցագործ է»,-զգուշացրեց փաստաբանը։

Նա նշեց՝ եթե հիշյալ անձինք զրկվեն ՀՀ քաղաքացիությունից, ցանկացած պահի կարող են արտահանձնվել Ադրբեջանին։