«Սամվել Կարապետյանին հեռախոս փոխանցել պետք չէ, պետք է ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում»․ փաստաբան


«Սամվել Կարապետյանին հեռախոս փոխանցել պետք չէ, պետք է ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում»․ փաստաբան
Մարտ 9 23:18 2026



«Պետք չէ հեռախոս փոխանցել Սամվել Կարապետյանին, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում»։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը կարող է ուղիղ եթեր մտնել և տեսաուղերձով հանդես գալ, իսկ եթե հեռախոս չունի, հեռախոս կարող են տալ։

«Մի քանի օր առաջ տարածվեց մի հայտարարություն գործադիր իշխանության ղեկավարի կողմից, թե իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձներով հանդես գալու կամ նման ձևաչափով հայտարարություններ տարածելու սահմանափակում ընդհանրապես առկա չէ, և իբրև դրա աղբյուրը հանդիսանում է պրոբացիայի ծառայության հայտարարությունը։ Ավելին, վերջինիս կողմից նույնիսկ պատրաստակամություն ներկայացվեց հեռախոս փոխանցելու Սամվել Կարապետյանին, նշվածը իրագործելու նպատակով։ Շատ կարճ արձագանքը հետևյալն է։ Պետք չէ հեռախոս փոխանցել, պետք է պարզապես ապահովել իրավունքի, օրենքի գործողությունը Հայաստանում»,–նշել է փաստաբանը։

Վարդևանյանը նշել է, որ հարցումներ է ուղարկել քննչական կոմիտե և գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ։

 

«Այս կարճ ժամանակահատվածում իմ կողմից գրություններ հասցեագրվել են քննչական մարմնին պարզելու՝ ի վերջո տեսաուղերձ տարածելը խնդի՞ր է, թե ոչ։ Երկու պատասխան եմ ստացել, երկուսն էլ մերժելու մասին։ Դատախազությանը հարցում եմ ներկայացրել, մինչ օրս պատասխան չեմ ստացել, իսկ պրոբացիայի ծառայությանը ներկայացված հարցմանն ի պատասխան, շատ հետաքրքիր դիրքորոշում եմ ստացել, որ նշված հարցի վերաբերյալ պետք է դիմեմ կամ դատարանին, կամ վարույթ իրականացնող մարմնին։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞րն է աղբյուրը գործադիր իշխանության ղեկավարի կամ այլ քաղաքական գործիչների նման պնդումներ կատարելու համար»,–ասել է Արամ Վարդևանյանը։