Ինչպե՞ս ստացվեց, որ մինչև IRI-ի հարցման հրապարակումը իշխանությունից ելույթներում արդեն հղում էին անում հենց այս հարցման թվերին. Արմեն Խաչիկյան


Ինչպե՞ս ստացվեց, որ մինչև IRI-ի հարցման հրապարակումը իշխանությունից ելույթներում արդեն հղում էին անում հենց այս հարցման թվերին. Արմեն Խաչիկյան
Մարտ 9 11:40 2026

Սոցիոլոգիական հարցումների դեպքում արդյունքների արժանահավատությունը մեծապես կախված է կիրառված մեթոդաբանությունից։ Առաջին հերթին կարևոր է ընտրանքի ձևավորումը և դրա ներկայացուցչականությունը։ Ընտրանքի սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքը պետք է հնարավորինս մոտ լինի ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով երկրի իրական ժողովրդագրական պատկերին։ Եթե ընտրանքի կառուցվածքում առկա են շեղումներ, օրինակ՝ սեռի, կրթության, բնակավայրի կամ տարիքային խմբերի բաշխման մեջ, ապա դրանք կարող են համակարգային ազդեցություն ունենալ արդյունքների վրա, Aysor.am-ի հետ զրույցում նշել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը:

 

«Հարցումների դեպքում կարևոր խնդիր է նաև չպատասխանածների ազդեցությունը (non-response bias), հաճախ որոշ սոցիալական կամ քաղաքական խմբեր ավելի քիչ են մասնակցում հարցումներին, ինչի հետևանքով ընտրանքը կարող է չարտացոլել իրական քաղաքական տրամադրությունները»։

 

Խաչիկյանի գնահատմամբ՝ երկրորդ կարևոր գործոնը հարցաթերթի կառուցվածքն է։ Սոցիոլոգիական մեթոդաբանության մեջ հայտնի է, որ հարցերի հերթականությունը, նախորդ հարցերի բովանդակությունը և ձևակերպման նրբությունները կարող են ազդել պատասխանների վրա։ Այսպես կոչված՝ question order effect-ը կամ framing effect-ը կարող են փոխել պատասխանների բաշխումը նույնիսկ նույն հարցի դեպքում։

 

Երրորդ կարևոր բաղադրիչը տվյալների վերլուծության և կշռման (weighting) մոդելներն են։ Տարբեր վերլուծական մոտեցումներ կամ կշռման մեխանիզմներ կարող են էապես փոխել տվյալների վերջնական ներկայացումը, հատկապես այն դեպքում, երբ ընտրանքի կառուցվածքում առկա են շեղումներ։

 

«Եթե անդրադառնանք IRI-ի վերջին հարցման արդյունքներին, ապա այն, որ ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար քաղաքական ուժ, երևում է նաև մի շարք այլ հետազոտություններից և ընդհանուր քաղաքական դաշտի վերլուծությունից։

 

Սակայն երկրորդ ուժի հետ տարբերության չափը, ըստ տարբեր աղբյուրների, ամենայն հավանականությամբ, այդքան մեծ չէ, իսկ մյուս քաղաքական ուժերի աջակցությունն այդքան փոքր չէ, որքան ներկայացված է տվյալ հարցման մեջ։

 

Սրա մասին կարող է վկայել նաև մի ուշագրավ հանգամանք։ Հարցվածներին տրված հարցին՝ «2021թ. ընտրություններին ո՞ւմ եք ընտրել», պատասխանների բաշխումն այսպիսին է․

 

47% — ՔՊ,

 

8% — «Հայաստան» դաշինք,

 

2% — Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություն։

 

Մինչդեռ իրական ընտրությունների արդյունքները եղել են հետևյալը․

 

ՔՊ — 54%,

 

«Հայաստան» դաշինք — 21%,

 

«Պատիվ ունեմ» դաշինք — 5.2%,

 

ԲՀԿ — մոտ 4%։

 

Սա կարող է վկայել, որ ընտրանքի կառուցվածքում կամ պատասխանների բաշխման մեջ առկա են որոշակի շեղումներ, որոնք սոցիոլոգիական հետազոտություններում հաճախ դիտարկվում են որպես ընտրանքի ներկայացուցչականության խնդիր։

 

Նման միտում կարելի է նկատել նաև մեդիա սպառման վերաբերյալ հարցումներում»։

 

Սոցիոլոգն ընդգծում է՝ հարցին, թե քաղաքական տեղեկություն ստանալու համար որ լրատվամիջոցն են համարում առավել վստահելի, հարցվածների 30%-ը նշել է Հանրային հեռուստաընկերությունը (Հ1), իսկ 18–35 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 25%։ Մինչդեռ Հայաստանում իրականացված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երիտասարդների զգալի մասը քաղաքական տեղեկության համար Հ1-ը հիմնական աղբյուր չի դիտարկում, ինչը ևս կարող է վկայել ընտրանքի կառուցվածքի որոշակի շեղումների մասին։

 

Միաժամանակ պետք է նշել, որ հարցման դաշտային աշխատանքներն իրականացրել է Breavis ընկերությունը, որը մասնագիտական շրջանակներում համարվում է վստահելի կառույց։ Սակայն մեթոդաբանական նախագծումը և վերլուծական հատվածը իրականացրել է IRI-ը։

 

Այս համատեքստում նաև կարևոր հարց է առաջանում հանրային վստահության տեսանկյունից․ ինչպե՞ս ստացվեց, որ մինչև հարցման պաշտոնական հրապարակումն իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում արդեն վստահորեն հղում էին անում հենց այս հարցման թվերին։

 

Ուստի նշված բոլոր դիտարկումները միասին վերցրած կարող են առաջացնել որոշակի մեթոդաբանական և հանրային վստահության խնդիրներ տվյալ սոցիոլոգիական հարցման արդյունքների նկատմամբ։ Սա, սակայն, չի նշանակում, որ հարցումն ամբողջությամբ անվավեր է․ ավելի ճիշտ կլինի այն դիտարկել որպես քաղաքական տրամադրությունների հնարավոր, բայց ոչ միակ չափում, որը պետք է համադրել այլ անկախ հետազոտու

թյունների և երկարաժամկետ տվյալների հետ։