Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել, չի կարողանում ղեկավարել։ Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը, մնացածն ուղղակի սատելիտ են։ Ով-ով, Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին հատելո՞ւ է շեմը և հայտնվի խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ ինֆորմացիայով՝ ինքն այդ խնդիրն ունի»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ 2021 թվականին «Հայաստան» դաշինքն ընտրած քաղաքացիների առյուծի բաժինն այլևս Քոչարյանին ձայն չի տալու։
«Այդ քաղաքացիների առյուծի բաժինն իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցության։ Սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի»։
Սիմոնյանն ասաց նաև, թե վստահ է՝ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը.
«Դա ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ՝ կա՛մ «Մեր ձևով»-ի տարբերակն է, կա՛մ Ծառուկյանի տարբերակն է։ Իրենք երկուսով են մրցելու ընդդիմադիր առաջին ուժը լինելու համար»։










