Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան եթեր է դուրս եկել և տեսագրությանն ուղեկցող գրառման մեջ գրել.
«Սիրելի՛ երևանցիներ, երիտասարդական նվագախմբի երեխաների սիրելի ծնողներ,
Բեյրութում գտնվող մեր երիտասարդական նվագախմբի վերաբերյալ այս պահին իրականացվող քայլերի մասին մանրամասները ներկայացրել եմ տեսանյութում։
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում է կայացվել կազմակերպել վերադարձը նախատեսվածից շուտ»։
Տեսանյութում արդեն Ավինյանը տեղեկացրեց, որ ինտենսիվ կապի մեջ են Լիբանանում ՀՀ դեսպանի և լիբանանյան ավիափոխադրողի հետ, որպեսզի ժամկետից էականորեն շուտ կազմակերպեն պատանիների ավիափոխադրումը։
«Ի հեճուկս բոլոր արհավիրքներին, երեխաներն այս պահին այնտեղ շատ լավ ժամանակ են անցկացնում»,-հայտնեց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ խոսել է գլխավոր դիրիժոր Սմբատյանի հետ, որը պատմել է առօրյան և հայտել, որ երեւխաներն ապահով են, լավ տրամադրություն ունեն։
Երևանի քաղաքապետը ծնողներին հորդորեց չանհանգստանալ, քանի որ երեխաներից պարբերաբար տեղեկություն են ստանում։
Նա նշեց, որ տարածաշրջանի լարվածությունը հաշվի առնելով, երեխաներին ժամանակից շուտ վերադարձնելն «ամենաօպտիմալ» որոշումն է։










