Կհանվի՞ Հռչակագիրը Սահմանադրությունից. Գալյանը տեղեկացրեց՝ նախնական տեքստը կհրապարակվի մարտին, իսկ մինչ այդ ինտրիգներ չփնտրել. Գալյան


Կհանվի՞ Հռչակագիրը Սահմանադրությունից. Գալյանը տեղեկացրեց՝ նախնական տեքստը կհրապարակվի մարտին, իսկ մինչ այդ ինտրիգներ չփնտրել. Գալյան
Մարտ 2 13:04 2026

Սահմանադրության նախագծի նախնական տեքստը մարտին կհրապարակվի։ Այս մասին Սրբուհի Գալյանը վերահաստատեց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

«Տեքստը պատրաստ կլինի մարտին, գրեթե պատրաստ է։ Այնուհետև որոշում կկայացվի հրապարակել այն՝ այն նպատակով, որ ստանանք կարծիքներ և առաջարկներ տեքստի փոփոխության համար։ Այսինքն՝ բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի համար։ Տեքստը լինելու է խիստ նախնական, քննարկելի, որպեսզի հանրությունը և մասնագիտական հանրույթը ներկայացնեն իրենց կարծիքները»,-ասաց նա։

Հռչակագիրը տեքստից հանելու մասով նախարարը նշեց, որ դեռ որոշում չի կայացվել, բայց հարցը երկար քննարկվել է․«Երբ հրապարակվի՝ կտեսնեք»։

Հարցին՝ այսինքն նախարարությունն արդեն իսկ ունի՞ որոշում, Գալյանը պատասխանեց.

«Նախարարությունը միշտ այն դիրքորոշման կողմնակից է, որ ՀՀ անվտանգությունը, խաղաղությունը և տարածքային ամբողջականությունը երբևէ վտանգի չեն ենթարկվի։ Ինտրիգներ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա»։