Վերջերս նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում է եղել ՀՀ-ի տարածքում. Թաթոյան


Վերջերս նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում է եղել ՀՀ-ի տարածքում. Թաթոյան
Փետրվար 28 20:32 2026

Այսօր կարծես Հայաստանը մոռացել է պատասխան տալը, կարծես մենք դարձել ենք անկարող մեզ պաշտպանելու հարցում, մեզ անընդհատ համոզում են որ ճիշտը համակերպվելն է, համաձայնվելն է, զիջելն է և դա անունը դնում են իմաստնություն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միազնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

 

«Ես ուզում եմ հատուկ ասել, որ դա իմաստնություն չէ, դա դա պարտություն է, դա գերի լինել է և ես եկել եմ ասելու, որ բավական է, մենք դա չենք հանդուրժելու։ Այսօր ՀՀ վարչապետն ասում է  Հայաստանը չի եղել երբեք այսքան անկախ ու ինքնիշխան, ինչպես հիմա է։

 

 

Եկեք նայենք փաստերին. Օտար պետության ղեկավարը ասում է պետք է սահմանադրությունը փոխես, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո: Ադրբեջանական զորքերը կատարում են հանցանքներ, ամենադաժան սպանությունները, մեր հայ գերիների նկատմամբ խոշտանգումներ, և հետո կեղծ գործերով դատում են մեր մարդկանց, պարտադրում են հայցերը հետ քաշել միջազգային դատարաններից, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այո։ Ադրբեջանական զորքերը ներխուժել և օկուպացրել են մեր տարածքները, և ընդ որում, ասեմ ձեզ մի կարևոր բան, մենք բացահայտել ենք ամբողջությամբ բաց աղբյուրներով, որ վերջերս ընդամենը նաև եղել է նորից ադրբեջանական դիրքերի ամրապնդում և նոր դիրքեր ՀՀ տարածքում, որով ամրապնդել են էլ ավելի իրենց վերահսկողությունը։ Եվ այս խորքային ամեն օր ամրացման պայմաններում ՀՀ կառավարության գործող ղեկավարը հայտարարում է՝ մենք նրանց կխնդրենք, դուրս կգան մեր տարածքներից ինչ-որ հանձնաժողովի միջոցով։ Ակնհայտ է, որ այն, ինչ որ ասվում է, բնականաբար այս կերպ չի իրականանալու։

 

 

Հայաստանի սահմանադրությունը խաղալիք չէ, անկախության հռչակագիրը մեր պետականության սկիզբն է, մեր պապերի ինքնությունը, մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը։ Մեր անկախության հռչակագիրը մեր սահմանադրությամբ ամրագրել է նաև սերունդների միջև պատասխանատվություն, սահմանադրությունը չի կարող վերամշակվել որևէ օտար պետության ու առավել ևս այնպիսի պետության պահանջով, որը մեզ ոչնչացնելու նպատակ է հռչակել։

 

Արդյունքում ունենք վարչապետ, որը ոչ միայն վախենում է Հայաստանի բանակը երկրի պաշտպանության համար ուժեղացնելուց, այլ ավելին՝ այն թուլացնում է»,– ընդգծեց նա։