Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է՝ աջակցում են նրան. Թաթոյան


Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է՝ աջակցում են նրան. Թաթոյան
Փետրվար 28 19:47 2026

Առաջիկա 100 օրում դուք շատ կլսեք նորից էլի նախկինների և ներկաների մասին. մեկն իշխանությունը պահում է ատելության հասնող քննադատությամբ նախկիններին ուղղված՝ հույսով որ կարժանանա մեր ոխերիմ հարևանների բարեհաճությանը և գովեստին, մյուսները փորձում են վերադառնալ՝ խաղալով նոստալգիայի վրա և հետ բերելով մեր ժամանակի գլխավոր սխալներից մեկը՝ պարծենկոտությունը նվիրական հաղթանակից հետո։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 28–ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության կազմակերպած միջոցառմանն իր ելույթում նշեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

 

«Այնպես է ստացվել, որ մենք հայտնվել ենք արատավոր շղթայի մեջ, և դա ստեղծել է Նիկոլ Փաշինյանն ու այդ խաղի մեջ վամպիրի պես ուղղակի սնվում է նախկինի սխալներից։ Եթե նրա այդ խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է նրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին և նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ և աջ մաշված կոշիկներն են։

 
 

Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև՝ մեղք, համակերպվել, հանձնվել։ Մենք առաջարկում ենք նոր բանաձև՝ սխալներ, դասեր, վերածնունդ։ 35 տարի մեզ ստիպել են ընտրել կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ, կամ օլիգարխներ, կամ թույլեր, կամ Ռուսաստան, կամ Արևմուտք, կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։Մենք ասում ենք՝ բավական է «կամ–կամ»–ը, պետք է սովորել ասել «և–և»։ Եվ անվտանգություն, և ժողովրդավարություն, և ուժեղ բանակ, և ազատ տնտեսություն, և ազգային արժանապատվություն, և ժամանակակից պետություն, սփյուռքի հետ կապ և ինքնուրույնություն»,–ասաց Թաթոյանը։

Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու նարատիվին, նա ընդգծեց. «Ոմանք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ, մյուսները՝ որպեսզի կատարեն ադրբեջանական պետության պահանջը։ Բայց եկեք ազնիվ լինենք, խնդիրը սահմանադրությունը չէ, խնդիրն այն է, որ մենք անհրաժեշտ չենք համարում այն պահպանել, այստեղից էլ գալիս է օրենքը անընդհատ վերաշարադրելու ցանկությունը։

Կոնկրետ մեկ մարդու համար, հարևանի ցանկությամբ, արտաքին ճնշման տակ, մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ հիմնական օրենքը ձևափոխում է իր համար։

Պետք է դադարեցնել սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։

Օրենքն այլ բանի մասին է, օրենքը թույլին պաշտպանում է ուժեղից, օրենքը պետությունը դարձնում է կանխատեսելի, առանց օրենքի հնարավոր չեն ոչ բիզնես, ոչ անվտանգություն, ոչ էլ նորմալ կյանք։ Ես գիտեմ ինչ եմ ասում»,– հայտարարեց Թաթոյանը։