ԵՄ-ն «քարտ-բլանշ» է տվել Փաշինյանին, հայ ժողովուրդը սրա հետ չպետք է համակերպվի. Աշոտյան


ԵՄ-ն «քարտ-բլանշ» է տվել Փաշինյանին, հայ ժողովուրդը սրա հետ չպետք է համակերպվի. Աշոտյան
Փետրվար 26 23:46 2026

Եվրոպական միությունում առկա է քաղաքական որոշում՝ «աչք փակել» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման ընթացքում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վրա, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եվրոպական միությունում ղեկավարության մոտ կա որոշում՝ Նիկոլ Փաշինյանին տալ քարտ-բլանշ, քանի որ նա դրսում ակնհայտ համաձայն է սպասարկել իրենց շահերը, ապա երկրի ներսում ստացել է ինդուլգենցիա՝ անելու այն, ինչ պետք է վերարտադրությունն ապահովելու համար»,-ասաց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նաև նշեց՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարից դուրս է եկել «ազատ և արդար ընտրություններ» ձևակերպումը։ Նրա համոզմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ «ազատ և արդար ընտրությունների պարագայում Փաշինյանը չի վերընտրվի»։

Աշոտյանը պնդեց, որ Արևմուտքը բացահայտորեն միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ ընդգծելով, որ սա այն իրողությունն է, որի հետ հայ ժողովուրդը պետք է առերեսվի, բայց երբեք չհամակերպվի։