Ընդդիմության ճնշման և վտանգ զգալու արդյունքում իրենք թոշակները բարձրացրեցին․ Նարեկ Կարապետյան


Ընդդիմության ճնշման և վտանգ զգալու արդյունքում իրենք թոշակները բարձրացրեցին․ Նարեկ Կարապետյան
Փետրվար 25 20:14 2026

Թոշակների բարձրացումը՝ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունք էր։ Այս համոզմանն է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության  խորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Մամուլի ասուլիսի շրջանակում, պատասխանելով լրագրողների հնչեցրած հարցերին, Նարեկ Կարապետյանն ընդգծեց, որ պետական բյուջեում չկար դրված թոշակը բարձրացնելու ծրագիր։

«Պետական բյուջեն ընդունվել է երկու ամիս առաջվա ծրագրով, որտեղ չկար թոշակը բարձրացնելու կետ։ Մենք սա համարում ենք հաղթանակ և ուրախ ենք այս փաստի համար։ Վերջապես, այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը,թե արդյո՞ք «ընտրակաշառք» չէ թոշակառուներին, Կարապետյանն արձագանքեց․

 «Թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի։ Մարդիկ, ովքեր 35000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր հասարակությունն ունի բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն։ Կարծում եմ՝  ինչ էլ ուզենան անել, մարդիկ իրենց կարծիքը կասեն։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ՝ բյուջեում չնախատեսված աճ ՝ ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին և թոշակները բարձրացրեցին։ Սա հաղթանակ չէ՞»։

 Քաղաքական գործիչը միաժամանակ նշում է, որ  վերջին 3-4 տարին մենք տեսնում ենք, որ թոշակների նախանշած ցուցանիշի հետ համեմատած որևէ լուրջ տարբերություն չի եղել։  

«Լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարգևավճարների հետ՝ պարգևավճարներ վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակները՝ դեպի ավելացում»,- ասաց նա։