Սամվել Կարապետյանը մշտապես հանդես է եկել այն տեսլականով, որ ձեռնարկատերերը պետք է զբաղվեն երկրի տնտեսության զարգացմամբ։ Սակայն ժամանակի ընթացքում, նրա խոսքով, առերեսվել ենք այն իրողությանը, որ տասնամյակներ շարունակ մեր երկրի խնդիրները չեն լուծվում։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Տարածաշրջանի երկրները, մեծ քայլերով առաջ են գնում, մեր երկիրը մնում է հետընթացի մեջ՝ տնտեսությունը պահպանելով հիմնականում պետական պարտքի հաշվին։
Մեր առաջարկը նոր մոդելի ձևավորումն է՝ ավելի ակտիվ, տնտեսապես ավելի բաց և տնտեսական զարգացմանը միտված կառավարման համակարգ։
Մեր երկիրը երբեք չի ունեցել տնտեսական առաջնահերթություն ունեցող ղեկավարներ, որոնք կարող էին այն դուրս բերել աղքատությունից։ 21-րդ դարում լինել աշխարհի 113-րդ տնտեսությունը, երբ երկրում յուրաքանչյուր չորրորդ մարդ աղքատ է, իսկ յուրաքանչյուր երրորդը հագուստ գնելու խնդիր ունի, ամոթ է մեր ազգի համար, որը աշխարհի տարբեր ոլորտներում ունի առաջատար ներկայացուցիչներ»,-ասել է նա։
Նարեկ Կարապետյանը վստահեցրել է, որ Սամվել Կարապետյանը կարող էր այլ կյանքով ապրել, սակայն երկրի առաջնահերթությունները նրան մղել են այս քայլին։ Նրա համոզմամբ՝ երկրի առջև ծառացած մարտահրավերները հենց նա է ի վիճակի լուծելու։
Նարեկ Կարապետյանը նաև հերքել է այն պնդումները, թե հնարավոր թեկնածու կարող էր լինել Կարեն Կարապետյանը։










