Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք․ Արսեն Բաբայան


Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք․ Արսեն Բաբայան
Դեկտեմբեր 22 10:37 2025

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք

Վերջին տարիներին հանրությանը հայտնի քրեական վարույթներում հաճախ հանդիպում եմ մի մտահոգիչ օրինաչափության․ խոսքի կամ արտահայտման դրսևորումը փորձ է արվում քրեականացնել «խուլիգանության» միջոցով։

Թեև «խուլիգանությունը» նախատեսված է հանրային կարգի իրական խախտումները քրեորեն գնահատելու համար, գործնականում այն երբեմն օգտագործվում է՝ ոչ թե հասարակական անվտանգությունը պաշտպանելու, այլ՝ անհարմար խոսքը լռեցնելու նպատակով։

Դատական գործերից մեկում, որտեղ ներգրավված եմ որպես պաշտպան, մեղադրանքը կառուցված էր հետևյալ տրամաբանությամբ․

  • անձը հրապարակային վայրում բարձրաձայն արտահայտել է քննադատական, սուր, բայց ոչ բռնարար կարծիք,
  • ֆիզիկական բռնություն չի կիրառվել,
  • գույքային վնաս չի պատճառվել,
  • սակայն մեղադրանքը ձևակերպվել էր որպես

«հանրային կարգի կոպիտ խախտում՝ հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքով»։

Այլ կերպ ասած՝

փորձ էր արվում խոսքը ներկայացնել որպես հանցագործություն։

Եվրոպական դատարանը տարիներ շարունակ ձևավորել է հստակ մոտեցում․

  • խոսքի ազատությունը պաշտպանում է նաև սուր, վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտումները,
  • պետությունը չի կարող օգտագործել քրեական հարկադրանքը՝ քննադատությունը պատժելու համար,
  • «հանրային կարգը» չի կարող լինել բացարձակ, ամեն ինչ կլանող հիմնավորում։

Եթե չկա իրական բռնություն, վտանգ կամ ուղղակի կոչ ֆիզիկական հաշվեհարդարի՝ քրեական հետապնդումը դառնում է անհամաչափ միջամտություն։

Ինչու է սա վտանգավոր պրակտիկա.

Երբ «խուլիգանության» սահմանները մշուշոտ են՝

  • ցանկացած բարձր խոսք կարող է որակվել որպես հանցագործություն,
  • քաղաքացին սկսում է ինքնագրաքննել իրեն, այդպիսով վտանգվում է խոսքի ազատության երաշխիքները,
  • քրեական իրավունքը կորցնում է իր վերջին միջոց լինելու բնույթը։

Սա այլևս իրավական հարց չէ միայն։

Սա իրավական պետության որակի կամ դրա ամբողջական ոչնչացման հարց է։

Որպես քրեական ուղղությամբ մասնագիտացած փաստաբան՝ համոզված եմ․

խոսքը պետք է պաշտպանվի, ոչ թե քրեականացվի։

Դատարանի դերը ոչ թե անհարմար արտահայտությունը պատժելն է, այլ սահմանել՝ որտեղ է ավարտվում խոսքը և որտեղ է սկսվում իրական վտանգը։

Այսպիսով.

– Եթե հանրային կարգի պաշտպանության անվան տակ քրեականացնում ենք խոսքը, ապա վաղը նույն գործիքը կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ։

– Իրավական պետությունը սկսվում է այն կետից, որտեղ իշխանությունը կարողանում ուժ գտնե և չպատժել խոսքի համար»։