Տնտեսական ակտիվության՝ 8․1% աճ․ թվերով լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Անանյան


Տնտեսական ակտիվության՝ 8․1% աճ․ թվերով լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Անանյան
Դեկտեմբեր 8 11:57 2025

«Միասնության թեևեր» նախառեձնության համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հետևյալ դիտարկումնէ  ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում.

Պաշտոնական հրապարակման մեջ նշվում է, որ 2025թ․ հունվար–հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8․1%։ Թվով՝ բարձր, նույնիսկ ազդեցիկ։ Բայց երբ վերլուծում ենք, թե ինչի հաշվին է ձևավորվել այս աճը, պատկերը կրկին դառնում է անհավասարակշիռ ու խոցելի։

1️⃣ Ակտիվությունը կրկին պահում են շինարարությունն ու ծառայությունները

Համեմատելով տարվա առաջին տասը ամիսների տվյալները, արձանագրում ենք, որ շինարարությունն աճել է 20․6%, ծառայությունները (առանց առևտրի)՝ 10․8%, իսկ Առևտրի շրջանառությունը՝ 3․2%։

Այս երեք ոլորտներն են ապահովել ՏԱՑ-ի հիմնական «քաշող ուժը»։

Բայց միևնույն ժամանակ արդյունաբերական հատվածը կրկին հայեցողաբար իջնում է՝ –3․0% կուտակային անկումով։ Այսինքն՝ մեր իրական արտադրական հիմքը շարունակում է թուլանալ։ (Տվյալները՝ ըստ արդյունաբերության սյունակի՝ 2 408 950 մլն դրամ, կամ 97․0% նախորդ տարվա նկատմամբ)։

2️⃣ Արդյունաբերության «վերակենդանացումը» հոկտեմբերին կեղծ պատրանք է տալիս

Հոկտեմբերի ցուցանիշը՝ +17․9% նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, թվերով հնչեղ է։ Բայց իրականում այն ապահովվել է հիմնականում մեկ ենթաճյուղի կրկին ակտիվացմամբ՝ հիմնական մետաղների արտադրությամբ, որտեղ դեռևս արտացոլվում են ոսկու վերաարտահանման հոսքերը։

Այս ենթաճյուղը ստեղծում է սխալ պատկեր, թե «արդյունաբերությունն աճում է», մինչդեռ մնացած ենթաճյուղերից շատերում առկա է կա՛մ անկում, կամ՝ կանգ։ Այլ խոսքերով՝ ոչ նոր արտադրություններ ունենք, ոչ տեխնոլոգիական ընդլայնում, այլ՝ արդեն եղած հոսքերի կետային տատանում։

3️⃣ Աճի կառուցվածքը չի ապահովում տնտեսական պաշտպանունակություն

Երբ տնտեսական աճի հիմքում դրված են կարճաժամկետ և ոչ արտահանելի ոլորտներ՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ, իսկ արդյունաբերությունն ու արտահանումը չեն ուժեղանում, այդ աճը չի կարող համարվել կայուն։

Ըստ էության, մեր երկրի տնտեսությունն ունի արտաքին շուկայից կախված հոսքեր, բարձր ներմուծում, շինարարության վրա հիմնված ներքին ակտիվություն, բայց, միևնույն ժամանակ՝ ո՛չ արտադրական հենասյուն ունի, ո՛չ արտաքին շուկաներ հաղթահարող արտահանում ունի, ո՛չ էլ՝ երկարաժամկետ պաշտպանունակություն։

4️⃣ Կարևոր հարցը մնում է առանց պատասխանի

Կառավարությունը ներկայացնում է աճի ցուցանիշը՝ որպես հաջողություն։ Բայց պետք է տալ մի պարզ, բայց վճռորոշ հարց․

Արդյո՞ք այս կառուցվածքով տնտեսական աճը կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական անվտանգությունը և մարդկանց բարեկեցությունը երկարաժամկետում։

Թվերն, ակնհայտորեն, հուշում են հակառակը։