«Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրեցիք։ Ուզում եմ թվեր հնչեցնեք՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից»,- ԱԺ-ում Առողջության համընդհանուր ապահովագրության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ դիմելով հիմնական զեկուցող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Ըստ նախագծի, 2026 թվականի առաջին փուլով ապահովագրվելու են բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիք անձինք, 18-65 տարեկան հաշմանդամությոան կարգ, ֆունկցիոնալության գնահատական ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավելի միավոր ունեցող անձինք։
«Ասվում է՝ 0-18 տարեկան, բայց հիմա էլ է օգտվում այդ խումբը, նոր բան չկա, հաշմանադամության կարգ ունեցողներն էլ են օգտվում։ Ասեք՝ ձևավորված գումարների դիմաց ինչպիսի՞ ծառայություններ և բուժօգնություններ են սահմանվում»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Նախարարն արձագանքեց առաջին, երկրորդ, երրորդ հայացքից իսկապես սա շատ մեծ հեղափոխական մոտեցում է առողջապահական համակարագում, քանի որ ֆինանսավորման, ծառայությունների գնահատման, դրանց ձեռքբերման, խմբերի ներառման ամբողջական նոր մոտեցում է։
Նա նշեց, որ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաները 700 հազար հոգի են. «Այո, նրանք օգտվում են պետական պատվերից։ Փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը, փոխհատուցման գները. Հայաստանում 65 + տարիքի 400 հազարից ավելի քաղաքացիներ կան։ Ահռելի մեծ թիվ է, 400 հազարից ավելի Հայաստանի քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։
Ապահովագրավճարի տարեկան գումարը 129 հազար 600 դրամ է, որն ամսական գալիս է 10 հազար 800 դրամ»։
Ղազարյանն արձագանքեց, որ նշված 400 հազար քաղաքացուց 80 հազարն արդեն հաշմանդամության խումբ ունեն, օգտվում են, 1027-ը ֆունկցիոնալություն ունեն, որոնք ևս օգտվում են, 29 հազար 298 քաղաքացի 28 և բարձր նպաստ ստանալու շեմ ունեն. «400 հազարից փաստացի 100 հազար մարդ օգտվում է։ Դրա համար եմ ասում՝ թվեր հնչեցրեք»։
Ավանեսյանն ասաց. «Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, և ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար և բոլոր ծառայությունները։ Հակառակը։ Հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է ծառայությունների կոնկրետ շրջանակ։ Մեր կողմից այս սկզբունքն այսպիսին է՝ ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ»։










