Մի քանի ամսում 3 բուքմեյքերական ընկերություններ ուղարկել են շուրջ 45 մլն sms, սա գովա՞զդ է, թե՞ ոչ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)


Մի քանի ամսում 3 բուքմեյքերական ընկերություններ ուղարկել են շուրջ 45 մլն sms, սա գովա՞զդ է, թե՞ ոչ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Նոյեմբեր 7 10:54 2025

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է հայաստանյան բուքմեյքերական ընկերությունների կողմից հաղորդագրությունների միջոցով  մարդկանց շահագրգռելու մասին, այն պարագայում, երբ դրանց ծառայությունների գովազդն արգելվում է։ 

Նա հիշեցնում է, որ 2025թ.-ի մարտին մրցակցության պետական հանձնաժողովը տուգանել էր բուքմեյքերական խոշոր ընկերություններին՝ նրա համար, որ ուղարկել են իրենց կայքում գրանցված բազմաթիվ մարքեթինգային հայտարարություններ։

«Ayo henc duq: staceq 50% bonus virtual sportum! Parzapes petq e katarel depozit u xagharkel ayn: ogtveq mayisi 30-31։ Shnorhavor! Aysor stacel es 7% Qeshbeq. Sharunakir xaghal ev stacir avelin»,-ահա նման բովանդակություն են բուքմեյքերական ընկերություններն ուղարկել քաղաքացիներին։

Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում մասնավորապես, նշել է. «Սրանք այն միլիոնավոր նամակներից են, որոնք երեք խոշոր բուքմեյքերական ընկերություններ մի քանի ամսվա ընթացքում ուղարկել են իրենց կայքերում գրանցված ակտիվ և պասիվ խաղացողներին: Մի քանի ամսում 3-ը միասին ուղարկել են շուրջ 45 միլիոն sms, մեյլ և այլ հաղորդագրություն: Եթե մեկ անգամ գրանցված եղել ես, ապա ստացել ես նմանատիպ նամակ, շանս չկա, որ անձը վերլուծի ու հասկանա իր վարքագիծը կամ շարունակելու ցանկությունը: Նա ամեն պահ ստանում է գայթակղիչ անհատական հաղորդագրություններ: Սա գովազդ չէ, անձը գրանցման պահին ավտոմատ սեղմել է համաձայնության կոճակը ինչ-որ նորություն կամ հաղորդագրություն ստանալու համար: Ու... ու լսեք մնացածը: Մրցակցության հանձնաժողովի որոշումը: Գուցե ճիշտն անգամ նման հաղորդագրություններ ուղարկելը ևս արգելե՞լն է: Ինչպես 2022 թվականին` գովազդը»։