«Նիկոլ Փաշինյանը կարող է որոշ ժամանակով լինել ՀՀ վարչապետ, բայց նա չի կարող ջնջել հայ ժողովրդի պատմությունը: Կարծում եմ՝ պատմական արդարությունը վերականգնվելու է, այսօրվա ոչ հայեցի արարքներին պատասխան է տրվելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
Մեկնաբանելով Փաշինյանի դիրքորոշումը, թե օգոստոսի 8-ի հռչակագրից հետո նոր իրողություն է ստեղծվել, չպետք է խորանանք «պատմական մանրուքների» մեջ, Հակոբ Հակոբյանն ասաց. «Գալու է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության այսօրվա իրականությունն է դառնալու պատմություն, այդ ժամանակ չպետք է խորանանք այն երևույթների մեջ, որոնք մեր այսօրվա իրականությունն են: Ինչ-որ ձևով ցանկանալ Ադրբեջանի հանցավոր ռազմաքաղաքական իշխանության խոսույթն արդարացնել ու դրա համար սկսել դեմ խոսել հայ ազգի պատմությանը, այս իշխանությունների քաղաքականության հիմնական առանցքներից մեկն է» :
Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների ձեռնարկած արշավի նպատակն էլ, ինչպես նշեց Հակոբ Հակոբյանը, ազգային արժեքների վերացումն է.
«Այն բոլոր արժեքները, որոնք հային հայ են պահում, այս իշխանությունները փորձում են հերթով վերացնել, արժեզրկել: Արցախի հանձնումից հետո, բնականաբար, պետք է նաև ավարտին հասցնեն Արցախի մասին խոսույթը, որը, կարծես թե, այս իշխանությունների ամենագլխավոր նպատակներից մեկն է: Մեզ ուզում են ապացուցել, որ Արցախը մեզ համար ոչ թե պաշտպանության վահան է եղել, այլ վտանգ: Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված այս արշավը նույնպես հայ ազգի ինքնության, լինելիության հիմքերի խարխլումն է»:
Հակոբ Հակոբյանը նշեց նաև՝ այս իշխանությունները, մերժելով այն ամենը, ինչն ունեցել ենք դարեր շարունակ, ըստ իրենց, ստեղծում են «նոր հանրապետություն», «նոր գաղափարախոսություն», որտեղ ո՛չ հայ կարող է լինել, ո՛չ հայ ազատագրական պայքարի մասին խոսք կարող է լինել, ոչ էլ որևէ կապ կարող է լինել դարերի պատմություն ունեցող հայ ազգի հետ: Այնուհանդերձ, Փաշինյանի իշխանությունն անցողիկ է, իսկ մեր պատմությունն ու ազգային արժեքները՝ անջնջելի։










