«Առաջիկա օրերին երկու կարևոր միջոցառում տեղի կունենա։ Այտեղից չասեմ։ Թույլ տվեք ինտրիգը պահեմ, առաջիկա օրերին համապատասխան հայտարարություններ կլինեն»,- ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներում՝ անդրադառնալով ղազախական ցորենի ներմուծման վերաբերյալ հարցին, մասնավորապես երբ կհասնի՞ առաջին խմբաքանակը Հայաստան, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հույս հայտնեց, որ Հայաստանն այսուհետ ցորեն կներմուծի միայն երկաթուղային ճանապարհով, որը տնտեսապես շատ նպատակահարմար է՝ ընդ որում և Ղազախստանից, և Ռուսաստանից։
«Եվ ղազախական ցորենի, և ռուսական ցորենի ինքնարժեքը երկաթուղային ճանապարհով Հայաստան գալու պարագայում էապես իջնում է»,-ասաց Պապոյանը:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր. «Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը»։ Իսկ մինչ այս հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. «Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան»։










