ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է ցանկություն ու կամք ադրբեջանական կողմից։
«Կարծում եմ՝ մենք մոտ ենք դրան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը համաձայն չէ, երբ ասում են, թե Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում, ըստ նրա՝ դա անհանգստություն է։
«Իրենք անհանգստանում են, որ թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, որովհետև կյանք է՝ կարող է ամեն բան լինել, որ ապահովագրվեն, որ վաղը-մյուս օրը նոր պատերազմ չլինի, որն, իրականում, լավ ցանկություն է»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ աշխարհին ու ադրբեջանական կողմին ակնհայտ է՝ Հայաստանն իր ուժերից վեր էլ արել է ամեն ինչ, որ խաղաղություն լինի։
«Ու խաղաղությունը փխրուն, բայց հաստատվել է։ Ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավելի՝ հողի վրա լինի խաղաղություն։ Մեզ ժամանակ է պետք, որ երբ Ղարաբաղի ժողովուրդն ուզենա վերադառնալ՝ վերադառնա։ Տեսեք, անհավանական բան է՝ գրեթե երկու տարի է՝ իրար վրա չենք կրակում, նման բան անկախությունից ի վեր չի եղել»,- ընդգծեց նա։

 
										 









