Ալեքսանդր Կոչուբաևը դատական նիստին չէր ներկայացել, գրություն էր ուղարկել


Ալեքսանդր Կոչուբաևը դատական նիստին չէր ներկայացել, գրություն էր ուղարկել
Հոկտեմբեր 30 17:38 2025

18 արդարների գործով դատական նիստին այսօր  մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը չի ներկայացել։ Պատճառների մասին նա գրություն է հասցեագրել դատարանին։

«Քրեական վարույթի շրջանակում իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց  կալանքը հոկտեմբերի 29-ին վերացվել է։ Սակայն այժմ առգրավված են իմ աշխատանքային համակարգիչը, հեռախոսը, ծառայողական ավտոմեքենան, ինչի հետևանքով չեմ կարողանում արդյունավետ իրականացնել մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը»,-նշել է նա՝ ավելացնելով, որ ձեռնարկում է քայլեր դրանք վերադարձնելու ուղղությամբ։

Կոչուբաևը խնդրել է իր բացակայությունը համարել հարգելի, հետաձգել դատական նիստը։

«Միևնույն ժամանակ առարկում եմ, որ իմ փոխարեն ներգրավվի հանրային պաշտպան»,-նշել է Կոչուբաևը։

Պաշտպան Արայիկ Ներսիսյանը նշեց, քանի որ Կոչուբաևի հետ նույն գրասենյակից է, ունի գործընկերոջ համաձայնությունն աս դատական նիստում ներկայացնելու մեղադրյալ Ա. Ալեքսանյանի շահերը։ Վերջինը դեմ չէր։

Դատավորը հայտարարեց նիստի կարճատև ընդմիջում, քանի որ Տիգրան Գալստյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Ռուբեն Մելիքյանը չէին ներկայացել նիստին։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել էր ֆեյսբուքյան գրառման համար։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով ազատ արձակել կալանքից, քանի որ ծննդաբերությունից հետո վատացել է Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, արհեստական շնչառության ներքո։