Ներկա պահին զեղծարարների մի խումբ խիստ թիրախային կերպով հարձակումներ է իրականացնում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց վրա, այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Զեղծարարները լավ նախապատրաստված են. լրջորեն ուսումնասիրում են մարդկանց անձնական, աշխատանքային, սոցիալական կապերը, որից հետո ծանոթ, այս կամ այն մասնագիտական ոլորտում ճանաչում ունեցող մարդու անունով ստեղծված կեղծ օգտատիրոջ միջոցով (WhatsApp, Viber և այլն) ներկայացնում են կեղծ տվյալներ, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրված է տվյալ անձով, որից հետո մարդու հետ կապ է հաստատում կեղծ ԱԱԾ աշխատակից, որը, ի դեպ, (հաճախ) ռուսերեն է խոսում։ Վերջում թիրախավորված անձին ամեն կերպ պարտադրում են՝ իր բանկային հաշիվներից գումարները փոխանցել մեկ այլ հաշվի՝ իբր «փրկվելու» համար։
Զգուշացե՛ք, մի՛ տրվեք սադրանքների»,- նշել է Հայրապետյանը։








