էվոկաբանկի «բարեգործությունների» մոտիվացիան. Զգուշացրել եմ, որ փորձելու են վերացնել պատմական բացառիկ մարզահամալիրը. Ջուլֆալակյան


էվոկաբանկի «բարեգործությունների» մոտիվացիան. Զգուշացրել եմ, որ փորձելու են վերացնել պատմական բացառիկ մարզահամալիրը. Ջուլֆալակյան
Հոկտեմբեր 30 10:47 2025

«Դեռևս 2021թ-ից ինքս խոսել եմ «Սպարտակ»-ի մասին: Զգուշացրել, որ փորձելու են վերացնել պատմական բացառիկ մարզահամալիրը, որպես այդպիսին՝ միակը Հայաստանում: 2024թ հունվարին թեմային մանրամասն անդրադարձավ ՀԵՏՔ-ը՝ ապացույցներով: Հայկական սպորտի հանդեպ սրտացավություն ունեցող մարդկանց մոտ մի փոքր հույս առաջացավ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով «Հետք»-ի հրապարակմնաը, ըստ որի «Սպարտակ» մարզադաշտը չի վերադարձվի պետությանը․ գնորդն էլ սնանկ է ճանաչվել։

 

Ջուլֆալակյանի գնահատմամբ, հույսերն իհարկե, ապարդյուն էին.

 

«Ինչու՞: Որովհետև հանցագործը (իշխանությունը) երբեք չի բացահայտի սեփական հանցագործությունները: Միայն անդադար կկրկնի,որ կոռուպցիա չկա... Օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, հազարավոր մարդկանց աչքի առաջ գողացան մի ամբողջ մարզահամալիր. ոչ մի հետևանք: Հենց այս ամենն է պատճառը, որ դադարում ես առհասարակ խոսել:

 

Հ.Գ. էվոկաբանկի «բարեգործությունների» մոտիվացիան...»։

 

«Հետքը» դեռևս 2024թ․-ին էր գրել, որ «Սպարտակ» մարզադաշտը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի վերցրած 1 միլիոն դոլար վարկի դիմաց գրավադրվել էր «Էվոկաբանկում»։ Մեկ տարի անց մարզադաշտն արդեն գնել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն։ Սեփականատիրոջ փոփոխությունից հետո գույքի նկատմամբ «Էվոկաբանկի» գրավի իրավունքը պահպանվել է։

 

Սնանկության կառավարիչ Տարոն Բանդուրյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերի նախնական ցուցակ է կազմվել, որը կարող է տարբերվել վերջնական ցուցակից, իսկ պարտատերի առաջին ժողովում սնանկության կառավարիչը հաշվետվությամբ է հանդես գալու, ներկայացվելու է սնանկացած ընկերության գույքը, բաշխվելու են պարտատերի ձայները։ Հետագայում բոլոր որոշումները հաստատվելու են Սնանկության դատարանի կողմից։

 

«Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերերի նախնական ցուցակը և պահանջը`

 

Պետեկամուտների կոմիտե- 849 հազար դրամ, «Գ հերթ»

Պետեկամուտների կոմիտե- 124․9 միլիոն դրամ, «Է հերթ»

«Էվոկաբանկ» ՓԲԸ– 4․643 միլիոն ԱՄՆ դոլար (ապահովված)

Լեւոն Անտոնի Բաբոյան- 1 միլիարդ 118 միլիոն դրամ եւ 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար, «Է հերթ»

«Հայաստան» մարզական ՀԿ- 6 միլիարդ 234 միլիարդ դրամ, «Է հերթ»

«Հայաստան» մարզական ՀԿ- 186 միլիոն դրամ, «Է հերթ»։

Այս ցանկից կարելի է ենթադրել, որ «Սպարտակ» մարզադաշտն, ամենայն հավանականությամբ, կդառնա «Էվոկաբանկի» սեփականությունը»։