Եվրոպացի գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա․ հայտարարություն


Եվրոպացի գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա․ հայտարարություն
Հոկտեմբեր 29 21:43 2025

Ողջունում ենք սույն թվականի հոկտեմբերի 28-ին, Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

 

«Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով:

Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, ով արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։

 

Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։

Ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող Սրբազանների տևական և անհիմն կալանքները:

Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։

Իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»,-ասված է հայտարարության մեջ։