«Անվերապահորեն զորակցում ենք Վեհափառ Հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունը». Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դաս


«Անվերապահորեն զորակցում ենք Վեհափառ Հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունը». Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դաս
Հոկտեմբեր 29 18:20 2025

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դասի և եկեղեցական համայնքների հայտարարությունը.

«Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է և շարունակում է մնալ մեր քրիստոնեական հավատքի, հայ հոգու, ինքնության և ազգային միասնականության ամուր հենարանը։

Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը։

Տագնապով ենք հետևում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։ Արդարությունը, թափանցիկությունը և փոխադարձ սերը եղել են և մնալու են մեր քրիստոնեական հավատքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները. «Ճշմարտությունը կազատի ձեզ․․․» (Հովհաննեսի Ավետարան 8.32)։

Մեր հորդորն ու ակնկալիքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնորդվեն արդարության, անաչառության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներով։

Ինչպես միշտ՝ հատկապես այս դժվարին օրերին, մեր հոգևոր եղբայրների և հավատացյալների կողքին, միասնականորեն և անվերապահորեն զորակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունն ու ծառայությունը ի Հայաստան և ի սփյուռս։

Թո՛ղ Տերը Ողորմության հեռու վանի մեզանից ամեն տեսակ պառակտում և թշնամանք։ Աղոթում ենք առ Աստված, որպեսզի մեր մեջ տարածվի սերը, հույսը, հավատքը և միասնականությունը՝ ի շահ մեր ժողովրդի և պետության ամրապնդման։ Ինչպես Պողոս Առաքյալն է հորդորում. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (Ա Կորնթացիներ 16.14)»։